«Քրիստոսի տունիկան, որը Տրիրի տաճարում պահպանվում է հատուկ մասունքամանում, հանրային երկրպագության համար կցուցադրվի ապրիլի 13-ից մայիսի 13-ը»,– հաղորդում են գերմանական ԶԼՄ–ները:
Քրիստոսի շուրջառի երկրպագումն այս տարի նվիրված կլինի մասունքի հասարակական երկրպագության ավանդույթի 500-ամյակին, որից առաջինը տեղի է ունեցել 1512թվականին: 1512թվականից մասունքը երկրպագության համար ներկայացվել է 16 անգամ: Վերջին անգամ սուրբ մասունքը ցուցադրվել է 1996 թվականին: 1960-1975 թվականներին Տրիրի տաճարը հիմնովին վերականգնվել է, ինչից հետո Քրիստոսի տունիկան պահել են դրա համար հատուկ կառուցված մատուռում: Տարվա մեջ մի քանի անգամ, առանց նախապես հայտարարելու, տաճարի սպասավորները հավատացյալներին թույլ են տալիս մտնել կապելլա, որտեղ պահվում է Քրիստոսի տունիկան:
Ըստ ավանդույթի՝ Քրիստոսի տունիկան Տրիր է բերվել 4-րդ դարի սկզբին՝ Հեղինե կայսրուհու կարգադրությամբ: 1196 թվականին Հիսուս Քրիստոսի հագուստը զմռսել են տաճարի խորանի մեջ, որտեղ այն մնացել է մի քանի հարյուրամյակ: Թաքստոցից մասունքը հանել են 1512 թվականին՝ Մաքսիմիլիան կայսեր խնդրանքով:









































