Ամեն բան իր տեղն ընկավ, երբ բոլոր սուրբ մեռելները պտղունց առ պտղունց բերվեցին օտար ափերից ու ամփոփվեցին հայոց հողում: Սերն ու պտղաբերությունը, բերրիությունն ու համերաշխությունն էլ ուղղակի եռում է Հայաստանում: Մեզ միայն Անահիտի գլուխն ու ձեռքերն են պակասում… ՀՀԿ-ն հասակացավ, որ լիակատար երջանկության համար մնում է աստվածներին ու աստվածուհիներին բերել ու փառավորել ծաղկող ու ապրող մեր երկրում:
Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքերը Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու այս ողջ պատմությունն սկսվեց շաբաթներ առաջ` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ: Աստվածուհու` Հայաստան գալու ճանապարհածախսի հարցը մի քիչ բարդ է, բայց Արմեն Աշոտյանը ասել է, որ պատրաստ է անգամ իր գրպանից, կամ` հանգանակության հաշվին նրան բերել մեր հայրենիք: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, լսելով հայրենասիրություն և հանգանակություն բառերը, անմիջապես արձագանքեց այս նախաձեռնությանը, և երկու շաբաթում 10.000 ստորագրություն հավաքեց: Ի դեպ, ՀԵՀ-ը կարող էր նաև դիմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որպեսզի վերջինս ՙԱրի տուն՚ ծրագրով բերել տար Անահիտին հայրենի օջախ: Սակայն նրանք ընտրեցին բարդ ու փշոտ ճանապարհը` ստորագրահավաք, հանգանակություն և այլն:
Ստորագրահավաքի արդյունքներն ամփոփելուց հետո հայրենասերներն այսօր դիմել են Հայաստանում բրիտանական դեսպանատանը և Բրիտանիայի թանգարանին:
Սակայն, ինչպես նշեց նախաձեռնության ակտիվիստ Գևորգ Մարտիրոսյանը. «Շատերը թերահավատորեն են վերաբերում այս նախաձեռնությանը` կարծելով, որ Բրիտանական թանգարանը երբեք չի համոզվի իր հավաքածուից որևէ բան կորցնել: Բայց Եգիպտոսին հաջողվել է գրեթե 5000 ցուցանմուշներ վերադարձնել, որոնցից 400-ը գտնվում էր բրիտանական թանգարանում»:
Իրականում, խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզ թերահավատությունը կամ չուզողությունը: Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքները գտել են Փոքր Հայքի Սատաղ քաղաքում` 1872 թ, հողային աշխատանք կատարող գյուղացիները: «Դժվար է ապացուցել, որ արձանիկը հայկական է, քանի որ այդ քաղաքի շրջակայքում եղել են նաև հռոմեական ճամբարներ: Ուրեմն, շատ հնարավոր է, որ արձանիկը հռոմեական է, որովհետև թանգարանում` արձանիկի մասին պատմող գրատախտակի վրա, ոչ մի գրառում չկա այն մասին, թե դա հենց հայկական Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքերն են: Երկրորդ` արձանիկը գտնվել է այժմյան Թուրքիայի տարածքում: Ո՞վ ասաց, որ ամբողջ աշխարհը պիտի ընդունի, որ դա Հայաստանի տարածքն է, ինչպես մենք գիտենք: Թուրքիան հանգիստ կարող է ասել. «Այո, վերադարձրեք արձանիկը հայրենիք»: Իսկ հայրենիքը, տվյալ դեպքում, Թուրքիան է»,- մեզ հետ զրույցում ասաց բլոգեր Արսեն Կարապետյանը:
Ահա այս հարցերի շուրջ էինք ուզում խոսել ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանի հետ` ինչպե՞ս են համոզելու Բրիտանական թանգարանին, որ այնտեղ գտնվող արձանիկը հայկական աստվածուհու գլուխն ու ձեռքերն են և, ի վերջո, ի՞նչ կլինի, եթե Թուրքիան պահանջի արձանիկի վերադարձը հայրենիք, այսինքն` Թուրքիա: Մենք ուզում էինք հիշեցնել, որ Անահիտին Հայաստան բերելու համար, փաստորեն, պիտի լուծի Հայ Դատը: Կամ, ո՞վ գիտե, գուցե այդպիսով նրանք որոշել են մաս-մա՞ս լուծել մեր պատմական հայրենիքի ամբողջության հարցը: Բայց Կարեն Ավագյանը չցանկացավ խոսել և նախընտրեց ոչ թե տղամարդու պես ուղիղ ասել, այլ սեթևեթել` պարզապես այլևս չպատասխանելով մեր հեռախոսազանգերին: Ամեն բանական արարած, եթե իսկապես մտահոգված է մի հարցով, առիթը բաց չի թողնի կիսվել սիրտն ու միտքը կրծող գաղափարի մասին: Իսկ Կարեն Ավագյանը «թռավ»` ինչպես միայն Անահիտի գլուխը կորցրածները կարող են անել… Ինչևէ, հեթանոս աստվածները նրան օգնական:
Այս առթիվ օրեր առաջ իր բլոգում հետաքրքիր գրառում էր արել Shur Dabavog-ը:
«Իսկ դուք մտածե՞լ եք, թե ինչքան վտանգավոր է Աշոտյանի նախաձեռնությունը` վերադարձնել Անահիտ աստվածուհու արձանի բեկորները:
Ինչու՞ վտանգավոր
Նախ, դեռ պետք է ապացուցել, որ սա Անահիտն է: Չէ, մի գոռացեք, ես էլ եմ հավատում որ տենց էլ կա, բայց Բրիտանական թանգարանը ուրիշ կարծիք ունի, ասում ա, միգուցե և Անահիտ, բայց իրանական:
The statue has been identified as a nude Aphrodite, her left hand pulling drapery from a support at her side, like the famous statue of Aphrodite at Knidos by the fourth-century sculptor Praxiteles. It has also been suggested that the statue represents the Iranian goddess Anahita, who was later assimilated with the Greek goddesses Aphrodite and Athena.
Այսինքն, կարող ա պարսիկները չախեն:Բայց դժվար, պարսիկներին եվրոպացիք չեն սիրում, իրանց չեն տա: Սակայն կա ավելի լուրջ վտանգ
Տեսեք, Աշոտյանը ասում ա. «ամեն մի արժեք իր հայրենիքն ունի և ապահով է հենց իր հայրենիքում» (*)
Հիմա ուշադրություն, դուք համոզվա՞ծ եք, որ քանդակի հայրենիքը Հայաստանն է
Ես՝ հա, բայց մնացած աշխարհը կարող և չէ.
Found at the ancient city of Satala, modern Sadak, north-eastern Turkey
In about 1872 a man digging his field on the site of ancient Satala struck with his pick-axe against this head. A bronze hand also lay nearby.
Սա էլ Satala-ի տեղը
Հիմա, եթե թուրքերը խելք ունենան, իսկ իրանք երևի կունենան, կասեն՝ «Այ Բրիտանական Մյուզիում, չլսեցի՞ր Աշոտյանն ինչ ա ասում, շուտ վերադարձրու մեր գլուխը»
Այ Թուրքիային կարող ա և վերադարձնեն, կամ փողը կտան կառնեն, ի՞նչ իմանաս
հակափաստարկներ ունե՞նք, դե ուրեմն, թող մնա իրա տեղում»- իր բլոգում գրել է Shur Dabavog-ը:
Հ.Գ.Հետաքրքիր է, ՀՀԿ-ն որոշե՞լ է, թե մյուս ընտրություններին աստվածների ո՞ր մարմնամասերն ու օրգաններն է աշխարհի թանգարաններից բերելու Հայաստան:








































