Սիրիայի ընդդիմության կողքին կռվում են օտարերկրացիներ, որոնք հնարավոր է՝ կապ ունեն «Ալ-Քաիդա»-ի հետ, սակայն նրանց թիվը առայժմ մեծ չէ: Այսպիսի հայտարարություն է արել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) ներկայացուցիչը:
«Զարմանալի չէ, որ անկարգություններով բռնկված երկրում տեղ է գտնվել օտարերկրացի կամավորների համար,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Հարլիգը:- Սակայն նրանց դերն առայժմ աննշան է, եթե, իհարկե, սիրիացիները արժեքավոր չհամարեն նրանց ներկայությունը»:
Փետրվարին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդները խոստովանեցին, որ երկրում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում պակիստանյան, աֆղանական, իրաքյան, լիբանանյան և եմենյան զինյալները: Սակայն Հարլինգն ամբողջությամբ համաձայն չէ այդ կարծիքի հետ:
«Դա նրանց երևակայության արդյունքն է: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես են այս փուլում օտարերկրացիներն ինչ-որ բան պարտադրել սիրիացիներին, և ես չեմ կարծում, որ նրանք (զինյալները.- 1in.am) շատ են»,- ասել է Հարլինգը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Նման տեսակետ է արտահայտել նաև ֆրանսիական միջազգային և ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Քարիմ Էմիլի Բիթարը: Նրա խոսքերով՝ օտարերկրյա զինյալների մեջ կան «Ալ-Քաիդայի» զինյալներ, որոնք Սիրիայում կռվում են Այման Ալ-Զավահիրիի կոչով, որը բացահայտորեն պաշտպանում է ընդդիմադիրներին:
Իրենց հերթին, Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հերքել են նման ենթադրությունները՝ նշելով, որ իրենք ոչ մի կապ չունեն «Ալ-Քաիդա»-ի հետ:







































