Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց՝ անցած նիստում հանձնարարական ստանալուց հետո ի՞նչ է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)՝ կապված գրքերի գների հետ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցեց, որ հանդիպել են տնտեսվարողների հետ և պարզել, որ գրքերի գների բարձրացումը պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարողների կողմից հարկային փոփոխությունների սխալ ընկալմամբ:
Ըստ նրա` թանկացել են խիստ սահմանափակ թվով գրքեր: Ա. Շաբոյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունը պաշտոնական պարզաբանում է տվել, որից տնտեսվարողները գոհ են, և փոփոխություն կկատարեն հաշվառման ընթացակարգերում:
«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում գրքերի գները կրկին կնվազեցվեն ու կհասցվեն նախկին մակարդակին»,- ասաց Ա. Շաբոյանը` կոչ անելով սպառողներին խնդիր նկատելու դեպքում ահազանգել:








































