Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Քալմի-Ռեյը, որը հեռացել է իր բարձր պաշտոնից մի քանի ամիս առաջ, հարձակման է ենթարկվել և տորթով դեմքին հարված ստացել: Այս մասին տեղեկացնում է Radio Suisse:
Ինչպես երևում է ռադիոկայանի կայքում տեղադրված տեսահոլովակում, երբ Միշլին Քալմի-Ռեյը պատրաստվել է հեռանալ Միջազգային կինոփառատոնի բացման արարողությունից, նրան մոտեցել է մի տարեց մարդ:
Ներկայանալով Էրիկ Դուգու՝ նա մեղադրել է նախկին նախագահին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ինը հոդվածների խախտման մեջ: Խոսքը Banque Cantonale de Geneve բանկի 1998 թ. դատավարության մասին է. այդ ժամանակ Միշլին Քալմի-Ռեյը զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնը:
Երբ Միշլին Քալմի-Ռեյը հայտարարել է, թե ինքը չի խախտել որևէ մեկի իրավունքները, մարդը մի փաթեթից տորթ է հանել և այն նետել նախկին նախագահի դեմքին:
Ստացած հարվածից Միշլին Քալմի-Ռեյը հազիվ է կարողացել ոտքի վրա մնալ, այնուհետև նրա ուղեկիցները դուրս են հանել չարագործին:
Ինչպես տեղեկացրել է փառատոնի մամուլի ծառայությունը՝ Միշլին Քալմի-Ռեյը չի պատրաստվում դատի տալ Էրիկ Դուգուին:









































