ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Իսրայելին կոչ է արել առայժմ հրթիռային հարվածներ չհասցնել Իրանին, քանի որ դա կչեզոքացնի Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական բեռնարգելքի հետ կապված բոլոր ջանքերը.
«Իմ ունեցած տվյալներով՝ Թեհրանն աշխատանքներ է տանում միջմայրցամաքային հրթիռների մշակման ուղղությամբ: Դրանով նա պոտենցիալ է ստանում՝ սպառնալու Մեծ Բրիտանիային և Արևմուտքի այլ երկրների:
Մենք կարծում են, որ Իրանին Իսրայելի հարված հասցնելը ճիշտ մոտեցում չէ: Ներկայումս պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել պատժամիջոցների սահմանմանն ու դիվանագիտական ճնշմանը:
Ես կարծում եմ, որ տվյալ ուղղությամբ մենք պետք է գործենք առավելագույն վճռականությամբ ու արագությամբ, որպեսզի իրանցիներին համոզենք շեղվել իրենց ներկայիս ուղուց: Արևմտյան երկրները փորձում են Հնդկաստանին ու Չինաստանին համոզել՝ կասեցնելու իրանական նավթի գնումը»:
Քեմերոնը հավելել է, որ Մեծ Բրիտանիան դեռ որոշում չի ընդունել Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու մասին, իսկ Պարսից ծոցում գտնվող նրա նավերը դեռ ոչինչ չեն նշանակում և գործում են միջազգային ուժերի կազմում՝ ապահովելու համար տրանսպորտային ջրուղիների բաց լինելը:









































