ԱՄՆ իրավապահ մարմինները հայտնել են Lulz Security ցանցահենային խմբավորման երեք ղեկավարների ձերբակալության մասին: Նրանք իրենց վրա են վերցրել Sony–ի, ԱՄՆ Սենատի, բրիտանական ոստիկանության սերվերները ջարդելու պատասխանատվությունը:
Ինչպես ակնկալվում է, երկու ձերբակալվածներին մեղադրանք կներկայացվի հենց այսօր:
Գործողությունն իրականացրել է Հետախուզության դաշնային բյուրոն:
«Մենք գլխատել ենք Luiz Security-ին»,- գրում է Fox News-ը՝ մեջբերելով բյուրոյի ներկայացուցիչներից մեկի խոսքերը:
Ամերիկյան հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ցանցահենային խմբավորման ղեկավարներից մեկը ցուցմունք է տվել՝ ընդդեմ իր գործընկերների:
Ցանցահենների խումբը կապված է Anonymous–ի անդամների հետ, ովքեր անցյալ տարի հրապարակել էին Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալների և բրիտանացի խուզարկուների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։