Ինչպես տեղեկացնում է Fairfax NZ News-ը, Նոր Զելանդիայի Վելինգտոն շրջանի ոստիկանությունը 8-ամյա տղային, ով գողացել էր ծնողների մեքենան, օգնել է տուն վերադառնալ ողջ և առողջ:
Երեխային ճանապարհին նկատել են երկուշաբթի՝ մարտի 5-ին, տեղի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 5-ին:
Ըստ ունեցած տվյալների՝ մեքենան նկատել է մի տեղացի լրագրող: Նա, մտածելով, թե վարորդը հարբած է, հետևել է մեքենային և փակել նրա ճանապարհը: Շուտով մեքենայից դուրս է եկել փոքրիկ վարորդն՝ արցունքն աչքերին, հագին՝ կապույտ նախշերով գիշերազգեստ:
Մեքենայի կանգնելուն պես, որի ղեկին երեխան էր, ժամանել է ոստիկանությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ երեխան բացատրել է, որ որոշել էր մեքենայով զբոսնել, քանի որ չէր կարողանում քնել և ցանկանում էր տեսնել ընկերներին:
Վելինգտոնի ճանապարհներին երեխայի ավտոզբոսանքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ընթանալիս մեքենան դիպել է մի քանի մեքենաների և հարվածել պատին: Երեխան, որի ոտքերը հազիվ էին հասնում ոտնակներին, մեքենայի ղեկին անցկացրել է մոտ կես ժամ:
Ոստիկանությունն օգնել է տղային հաշտվել ծնողների հետ, որոնց հետ դեռ պետք է զրուցեն՝ պարզելու համար, թե տղային ինչպես է հաջողվել գողանալ մեքենան, և համոզվել, որ ծնողները նրան բացատրել են իր արարքի վտանգավորությունը:






































