Սինգապուրում պատրաստվում է օրինագծի մի փաստաթուղթ, որը նախատեսում է հանգստյան օրեր սահմանել տնային ծառայողների համար: Այս մասին հայտնում էAssociated Press գործակալությունը:
Երեկ աղախինների աշխատանքային պայմանները բարելավելու առաջարկով խորհրդարանում ելույթ է ունեցել կադրերի նախարար Տան Չուանցզինը: Նրա կարծիքով` 2013 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տնային աշխատող պետք է ստանա հանգստի իրավունք կամ դրամական փոխհատուցում իր հանգսյան օրվա դիմաց:
Ինչպես ակնկալվում է, խորհրդարանը դեմ չի քվեարկի այդ փոփոխությանը, քանի որ այնտեղ գերիշխում է կառավարող Ժողովրդական շարժումը:
Ավելի վաղ իրավապաշտպանները մեկ անգամ չէ, որ ուշադրություն էին դարձրել Սինգապուրում տնային աշխատողների աշխատանքային ծանր պայմանների վրա: Human Rights Watch կազմակերպությունն արդեն դրական է գնահատել Տան Չուանցզինի նախաձեռնությունը, սակայն հայտարարել է, որ դա դեռ բավարար պայման չէ` անընդունելի համարելով «հանգստյան օրերը գնելու» փաստը:
Սինգապուրում կա 206 հազար աղախին, հիմնականում՝ Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից և Շրի Լանկայից։











































