Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթները` ուղևորներին հայտարարելով, թե չվերթները դադարեցվել են օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Առաջին լրատվական»-ին տրամադրած հայտարարության մեջ նշվում է, որ «Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ օգտվում է «Արմենիա»-ի կողմից սահմանված հատուկ սակագներից:
«Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի՝ կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»,- նշել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններից՝ հավելելով, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան:
«Արմավիա» ավիաընկերության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունների միջև առաջացած վեճին հանգուցալուծում գտնելու նպատակով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կփորձի այսօր հանդիպում կազմակերպել կողմերի միջև: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Քաղավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
«Ի սկզբանե որոշված էր, որ քանի դեռ չդիմեն, չենք միջամտելու: Նրանք 2 տնտեսվարող առանձին սուբյեկտներ են: Բայց քանի որ ուղևորների շահերի պաշտպանության հարց կա, քաղավիացիան որոշել է այս 2 ընկերությունների միջև հանդիպում-քննարկում կազմակերպել, որպեսզի իրավիճակը փոքր-ինչ հարթվի»,- ասաց Ն. Չերչինյանը:










































