Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) ձևավորվում է հատուկ «Արևի օրվա ծննդյան առիթով նվերների շնորհման հանձնաժողով»: Այսպես են անվանում երկրում Կիմ Իր Սենի ծննդյան օրը, որը նշվում է ապրիլի 15-ին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում անելով հարավկորական ԶԼՄ-ներին:
Հարավկորեական տեղեկատվական պորտալներից մեկի հաղորդմամբ, որը մասնագիտացած է ԿԺԴՀ-ից ստացված տեղեկության մշակմամբ, այդ հանձնաժողովներն ստեղծված են, որպեսզի նվազեցնեն ժողովրդի աճող դժգոհությունը, որ փետրվարի 16-ին` երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը նվերներ չեն շնորհվել իրենց:
Պորտալի աղբյուրները պատմում են, որ ներկայում հյուսիսկորեացի առևտրականները Չինաստանից ներմուծում են սոյայի յուղ, օճառ և «Արևի օրը` 100-ամյակ» մակագրությամբ սրբիչներ:
Այս տարի լրանում է Կիմ Իր Սենի 100-ամյակը: Բացի այդ` երկրում լուրեր են շրջանառվում, որ յուրաքանչյուր ընտանիք կստանա տեղական արտադրության DVD նվագարկիչ:
Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առթիվ նվերներ բաժանելու սովորույթը սկիզբ է առել դեռ 1970-ականներից: Այդ ժամանակ ընտանիքներն ստացել են քաղցրավենիք, բրինձ և այլն: Ամեն 5 տարին մեկ հյուսիսկորեացի ընտանիքները ստանում էին ծածկոց ու դպրոցական համազգեստ:
1990-ականների տնտեսական ճգնաժամի ընթացքում այս ավանդույթը մոռացության էր մատնվել:








































