Արիզոնա նահանգից ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը ՌԴ նախագահական ընտրություններն անվանել է «խարդախություն»,- հաղորդում է CNN հեռուստաալիքը:
«Արաբական գարունն արդեն եկել է Ռուսաստան և այն կշարունակվի: Նույն բանը մի օր կկատարվի Չինաստանում: Մենք ապրում ենք նոր աշխարհում, սա 21-րդ դարն է: Եվ ես համոզված եմ, որ ռուս ժողովուրդը մշտապես չի հանդուրժի կոռումպացված իշխանությունը»,- հայտարարել է սենատորը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հարկ է նշել, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում պատրաստակամություն էր հայտնել համագործակցել նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները կքննեն ընտրախախտումների բոլոր դեպքերը:
Նշենք, որ Մաքքեյնը և Պուտինը արդեն մի քանի ամիս է՝ հեռակա երկխոսություն են վարում: Դա սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո, երբ սենատորն առաջին անգամ զգուշացրեց Ռուսաստանի իշխանություններին արաբական գարնան մոտենալու մասին: Դրան ի պատասխն Պուտինը հայտարարեց, որ սենատորը «խելքը թռցրել է»:
Հիշեցնենք. քվեներից 99.99%-ի հաշվարկով ՌԴ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ընտրողների ձայների 63.60%-ը:








































