Bloomberg գործակալության կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, որի կարողությունը գնահատվում է 68.5 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Բիլ Գեյթսը, որին պատկանում են 62.4 մլրդ դոլարի ակտիվներ: ՄԵկ տարվա ընթացքում երկու ձեռնարկատերերի կարողությունն աճել է 11 տոկոսով: Լավագույն եռյակը եզրափակում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը (43.8 մլրդ դոլար):
Վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղը զբաղեցրել է IKEA կահույքի խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Կամպրադը (42.5 մլրդ դոլար), որը ամենահարուստն է ճանաչվել Եվրոպայում: Հինգերորդ հորիզոնականում ֆրանսիացի Բերնար Արնոն է, որին պատկանում է Moet Hennessy Louis Vuitton ընկերությունը. նա իր հաշվին ունի 42.3 մլրդ դոլար:
Ասիայի ամենահարուստ մարդ է ճանաչվել հնդիկ ձեռնարկատեր, Reliance Industries ընկերության հիմնադիր Մուկեշ Ամբանին, որի կարողությունը գնահատվում է 26.8 մլրդ դոլար, իսկ աշխարհում նա զբաղեցնում է 11-դ տեղը: Մյուսներից առավել շատ իր կապիտալը կարողացել է ավելացնել բրազիլացի նավթային մագնատ Այկե Բատիշտան, որը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Անցյալ տարվա ընթացքում նա իր կարողությունն ավելացրել է 32%-ով՝ այն հասցնելով 29.8 մլրդ դոլարի:
Ընդհանուր առմամբ, Bloomberg-ի վականիշային աղյուսակը համընկնում է 2011 թ. սեպտեմբերին Forbes ամսագրի հրապարակած աղյուսակին:








































