Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական կողմը հայտարարել է Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները պահպանելու մասին:
5.5 ժամ տևած Նախարարների խորհրդի նիստից հետո, որը նախագահել է վարչապետ Էրդողանը, Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար ուրախալի փաստ է փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելը:
Արընչը հավելել է, որ քանի որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ առաջ է քաշելու նմանատիպ նոր օրինագիծ, ուստիև իրենք Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թողնելու են ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումից հետո Արընչը հայտարարեց, որ դրանով Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կանխվեց մի մեծ պոտենցիալ ճգնաժամի առաջացում:








































