Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրությունները, ասել է, որ այդ երկիրը դատապարտված է հետընթացի:
«Ինչ էլ որ տեղի ունենա Ռուսաստանում, իր ներկայիս զարգացման ուղիով և քաղաքականությամբ, անկախ նրանից, թե ինչ ընտրություններ են անցկացնում, ներկայիս իշխանությունների օրոք նրանք չունեն ապագա, քանի որ նրանք անցյալն են կառուցում. նրանք վերականգնեցին ԽՍՀՄ հիմնը, միայն ցանկանում են վերականգնել սովետական կայսրությունը, նրանք հոգեպես երկիրը ետ են տանում:
Իսկ մենք կառուցում ենք ապագան. դա նշանակում է, որ մենք անպայման կհասնենք մեր ուզածին»,- ասել է Սաակաշվիլին, որի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
«Նրանք հայտարարում են, թե վրաց ժողովրդի հետ խնդիրներ չունեն: Լավ, ասացինք մենք, և չեղյալ հայտարարեցինք վիզային ռեժիմը ռուսաստանցիների համար և լավ հնարավորություն տվեցինք նրանց նույն կերպ վարվել և ինչ-որ բան անել վրաց ժողովրդի համար: Ի պատասխան նրանք նորից սկսեցին հին երգերը երգել»,- նշել է Վրաստանի նախագահը` հավելելով, որ Ռուսաստանի իշխանությունները, իբր, չեն ցանկանում, որպեսզի իրենց քաղաքացիները մեկնեն Վրաստան, քանի որ այստեղ ռուսական դեսպանատուն չկա:
«Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող գալ, եթե Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատանը չկան անվտանգության ծառայությունների մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք պետք է հետևեն սեփական քաղաքացիներին:
Իհարկե, վտանգավոր է, քանի որ նրանք (ՌԴ քաղաքացիները) կարող են գինի խմել, իսկ հաջորդ օրը մեկնել «Բորժոմի» խմելու և էլի այլ վայրեր գնալ: Միգուցե նրանց համար նույնիսկ մեր հանգստավայրերի օդը լավ չլինի»,- ծաղրել է ՌԴ իշխանությունների հայտարարությունները Սաակաշվիլին:
«Նրանց փոխարեն ես կբացեի դեսպանատունը, ռուսաստանցիների հետ Վրաստան կուղարկեի երկրի գլխավոր համաճարակաբանին, որպեսզի նրանք անհասկանալի իրավիճակներում չհայտնվեին և խորոված ուտելու զոհ չդառնային կամ չվարակվեին ոչ կոռումպացված երկրի մանրէներոով և չցանկանային ապրել իրենց սեփական երկրում: Դա, իհարկե, շատ վտանգավոր է»,- ծաղրի հերթական չափաբաժինն է ավելացրել Վրաստանի նախագահը:










































