Երևանում օրերս հայտնաբերված ապօրինի զինանոցի գործով քննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։
Գործով առայժմ միակ ձերբակալվածը Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանն է, ով ղարաբաղյան պատերազմի մասնակից է, և ում պատկանող շինությունում հայտնաբերվել էր այդ զինանոցը:
Այս գործի վարույթը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու որոշումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը պայմանավորել է հայտնաբերված զենքի մեծ ծավալներով և տեսակներով:
Հիշեցնենք, որ Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում փետրվարի 29-ին հայտնաբերվել էին տասնյակ ինքնաձիգեր, 5000-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 պարկ պայթուցիչ, դիպուկահար հրացան, գնդացիրներ, նռնականետեր, հակատանկային նշանակետի հրթիռներ, հակատանկային նռնակ, մարդու ուրվապատկերով մոտ երեք տասնյակ թիրախներ և այլն: Ոստիկանության բնորոշմամբ, այդ մարտական տեխնիկայով հնարավոր կլիներ զինել մի ամբողջ գումարտակ:
Զինանոցը հայտնաբերվել էր օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված խուզարկության արդյունքում` անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:
Ոստիկանությունը չի մեկնաբանում մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Կարապետյանի մոտ այդ զենք-զինամթերքը մնացած է եղել պատերազմից, տարիներ շարունակ հողի տակ պահված է եղել և նշված վայր է տեղափոխվել օրերս։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ իրենք իրավասու չեն նման հարցերի պատասխանել, քանի որ գործը նախաքննության փուլում է: Նույն հիմնավորմամբ Պաշտպանության նախարարությունը չի պատասխանել հարցին, թե նախարարության շենքից ոչ շատ հեռու հայտնաբերված այդ զինամթերքը նախարարությունում հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ:







































