Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ֆրանսիական բանակի 13 սպաների, որոնք Հոմսի պաշարման ժամանակ եղել են քաղաքում: Ինչպես գրում է լիբանանյան The Daily Star թերթը, այժմ նրանք ժամանակավորապես հիվանդանոցում են՝ հսկողության տակ:
Ֆրանսիացի զինծառայողների ձերբակալության փաստը հաստատել են Սիրիայից միանգամից մի քանի աղբյուր: Քննիչները փորձում են պարզել՝ ե՞րբ ենք նրանք մուտք գործել երկիր, ի՞նչ նպատակով են այնտեղ գտնվել և արդյո՞ք առավել խոշոր կոնտինգենտի մաս չեն կազմում:
Թերթը գրում է, որ անցյալ շաբաթ Դամասկոս է վերադարձել Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շևալիեն, չնայած ավելի վաղ հայտարարվել էր, որ դեսպանատունը փակվում է:
Պաշտոնական Փարիզը, սակայն, չի հաստատում իր զինծառայողների ձերբակալության լուրը: Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնավորապես հայտարարել է, որ այդ տվյալները հաստատող որևէ նյութ չունի: Պաշտոնական Դամասկոսը նույնպես կատարվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել:
Պարբերականի աղբյուրի տվյալներով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի ու Սիրիայի իշխանությունները գաղտնի բանակցություններ են սկսել՝ զինծառայողներին հայրենիք վերադարձնելու պայմանների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ երկարատև մարտերից հետո Սիրիայի իշխանություններին հաջողվեց գրավել Հոմս քաղաքը:
Նշենք, որ Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ֆրանսիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց ընդդիմադիր Ազգային անցումային խորհուրդը և օգնություն ուղարկեց իր զինվորական խորհրդականներին և հրահանգիչներին:









































