Մեծ Բրիտանիայում ցածր դասարանցիների համար պարտադիր տնային հանձնարարությունները չեղյալ են հայտարարվել ծնողների բողոքների պատճառով, որոնց պնդմամբ` իրենց երեխաների ամբողջ ազատ ժամանակը գնում է հանձնարարություննների կատարման վրա:
Համաձայն Մեծ Բրիտանիայի օրենսդրության` 7-11 տարեկան երեխաները պետք է տնային հանձնարարությամբ զբաղվեն օրական կես ժամ, սակայն ծնողները բողոքում են, որ որոշ վարժությունների կատարման վրա ավելի շատ ժամանակ է ծախսվում:
Եթե ընտանիքն ունի մի քանի երեխա, որոնք բոլորն էլ դպրոցական են, տնային աշխատանքը խլում է ընտանիքի ամբողջ ազատ ժամանակը:
Կրթության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ հիմա յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ինքը որոշի` որքան տնային հանձնարարություն տա աշակերտներին` առանց հետևելու սահմանված կանոններին:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ տնային հանձնարարությունները դպրոցական կրթության անբաժանելի մասն են, իսկ միջին և ավագ դասարանների աշակերտների համար նման խնդիր չի առաջանա:
Որոշ դպրոցներ արդեն հրաժարվել են ավանդական տնային հանձնարարություններից, օրինակ` Քենթ դքսությունում ինքնուրույն աշխատանքը փոխարինվել է հատուկ ակումբով, որտեղ շաբաթական մեկ անգամ աշակերտները հավաքվում և կատարում են հավելյան հանձնարարությունները:
Որոշ ուսուցիչների կարծիքով` ամեն օր տնային հանձնարարություններ կատարելը փոքրիկների մոտ սթրես է առաջացնում:
Հարդֆորդշիրի դպրոցներում ցածր դասարանցի աշակերտների համար տնային աշխատանքի տակ հասկացվում են զբոսանքը, խաղերը ու սնունդ պատրաստելը:










































