Չեչնիայում ամփոփվում են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեսից ավելի քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների 99,7%-ի աջակցությունը. մասնակցությունը կազմել է 99,59%: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Երկրորդ պատվավոր տեղում է Գենադի Զյուգանովը` 0,1%:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը տրամաբանական է համարել ընտրությունների արդյունքները: «Այսօր չեչեն ժողովուրդն ապրում է իր բազմադարյան պատմության ամենալուսավոր փուլը: Դրա համար տրամաբանական և արդարացի եմ համարում, որ հանրապետության ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին»,- ասել է Քադիրովը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նա համոզմունք է հայտնել, որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը նոր բարձունքների և հաղթանակների կհասնի` հավելելով, որ նույնը սպասվում է նաև Չեչնիայի Հանրապետությանը:
Նա կոչ է արել Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին համախմբվել Պուտինի շուրջը, որպեսզի բոլոր ուժերն ուղղվեն «ընդհանուր հայրենիքի` Ռուսաստանի միասնության և հզորության ամրապնդմանը»:











































