Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը բավական բարձր է գնահատում Ազգային ժողով անցնելու Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները և կասկած չունի, որ քաղաքական այդ ուժն ունի բոլոր շանսերը՝ հաղթահարելու պատնեշը և խորհրդարանական ուժ դառնալու: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Թե որքան տոկոսով՝ վաղ է ասել, սակայն միանշանակ է, որ ՀԱԿ-ն առաջին հնգյակի մեջ երևացող քաղաքական ուժերից է: Տոկոսներ և թվեր այս պահին չարժե նշել, որովհետև դրանք խիստ նախնական են և մինչև ընտրություններ կարող են փոփոխվել»,- ասաց նա:
Սոցիոլոգի խոսքով՝ անկախ հանրահավաքներ անել-չանելուց՝ ՀԱԿ-ը կայուն ընտրազանգված ունի: «Քաղաքական այդ ուժը, եթե անգամ հանրահավաքներ չանցկացնի, մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, անկասկած, կպահպանի իր վարկանիշը»,- ընդգծեց Գևորգ Պողոսյանը:










































