Թվում էր, թե ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ-ին կողջունեն ոչ միայն ՀՀԿ-ականներն ու դաշնակցականները՝ իրենց համեստ և զուսպ հայտարարություններով, այլև ԲՀԿ-ականները, սակայն իրականությունը, պարզվում է, փոքր-ինչ այլ է…
Մի կողմից խոսակցություններ են շրջանառվում, որ Վ.Օսկանյանը վստահաբար կլինի ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, ինչը թերևս լրացուցիչ անգամ կփաստի, թե ով է այս գործիչին գործուղել ԲՀԿ և ինչ նպատակով, մյուս կողմից նորաթուխ կուսակցականը իր անդամագրումից ընդամենը մեկ օր անց մի այնպիսի դիրքորոշում է արտահայտել կոալիցիոն հուշագրի վերաբերյալ, որն առնվազն պետք է անհանգստացնի նախ ՀՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ականներն էլ, կուսակցական համերաշխության տրամաբանությունից ելնելով, կարելի է ենթադրել, գոնե պետք է ողջունեն այս «փորձված» դիվանագետի քաղաքական առաջին հայտարարությունը իրենց կուսակցության շարքերը ընդունելուց հետո: Բայց պարզվում է՝ նոր կուսակցական Օսկանյանի դիրքորոշման առիթով ԲՀԿ-ականները մի այնպիսի խուճապի մեջ են ընկնում, երբ լսում են հարցը, թե ինչի վերաբերյալ ես փորձում հարցնել, թվում է, թե մի սարսռազդու կամ պետական գաղտնիքի բացահայտում ես պատրաստվում կորզել նրանցից: ԲՀԿ-ական պատգամավորների վախվորած կեցվածքը` ոչ պաշտպանել կամ ոչ էլ քաջություն ունենալ ասելու` «այո՛, ճիշտ է ասել Օսկանյանը», իհարկե մտորելու տեղիք է տալիս այս կուսակցության ինքնուրույնության մասին հատկապես և անկեղծության մասին` մասնավորապես…
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում փետրվարի 17-ին, ԲՀԿ-ին իր անդամագրումից մեկ օր անց ՀՀ նախկին ԱԳ նախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Օսկանյանը, անդրադառնալով կոալիցիոն ուժերի հուշագրին, մեկնաբանելով այն իրավական տեսանկյունից և գալով կոալիցիոն ուժերի ղեկավարների վերջին հայտարարությանը` ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ կոալիցիոն ուժերը եթե մեկ ցուցակով չեն գնում ընտրությունների` ուրեմն կոալիցիոն հուշագիրը չի գործում (տես հաղորդման այդ հատվածը` 07:22 րոպեից սկսած) : Վ. Օսկանյանը բառացիորեն ասել է. «…Բայց այն պահին, որ որոշվեց, որ յուրաքանչյուրը առանձին է գնալու, բնականաբար, արդեն այդ հուշագիրը ուժի մեջ չէ, որովհետև հնարավոր չէ: Ես այդպես եմ ենթադրում, չի կարող լինել»:
Հավակնություններ` ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը փոխելու՞
Ստացվում է, որ ԲՀԿ-ական Օսկանյանը արդեն իսկ կուսակցության գործունեության հստակ մարտավարական շեշտադրումներ է անում, քանի որ նույն հաղորդման մեջ նաև խոսել է նոր խորհրդարանում ուժերի նոր հարաբերակցության ձևավորման հնարավորությունների մասին, նոր ԱԺ-ում քաղաքական ուժերի համագործակցության մասին:
Փորձեցինք պարզել, թե ինչ են մտածում ԲՀԿ-ական Օսկանյանի հայտարարության մասին նախ ՀՀԿ-ում: ՀՀ նախկին ԱԳ նախարարի հայտարարությունը «Առաջին լրատվական»-ը խնդրեց մեկնաբանել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: «Ինձ համար զարմանալի չի իր տեսակետը, բայց ինձ համար տարակուսելի է, որ մեկ-երկու օր առաջ կուսակցություն մտած մարդը արդեն հավակնություններ ունի կուսակցության պաշտոնական դիրքորոշումը փոխելու: Եվ մեզ համար հետաքրքիր է` դա Օսկանյանի՞ տեսակետն է, թե՞ Բարգավաճ Հայաստան կուսակցության տեսակետն է»: Կոալիցիոն գործընկեր կուսակցության նորաթուխ անդամը ո՞ւմ տեսակետը պետք է հայտնի` փորձեցինք ճշտել Շարմազանովից: «Այդ հայտարարությունից հետո, կոալիցիոն գործընկերները` ԲՀԿ պատգամավորներից մեկը, հայտարարեց, որ կոալիցիոն հուշագիրը գործում է: Այնպես որ, կոալիցիոն հուշագիրը գործում է, և Բարգավաճ Հայաստանը բացի այն, որ իրենք հավատարիմ են հուշագրին, այլև տարվա վերջին իրենց կուսակցության նախագահը ասել է, որ ինքը հավատարիմ է կոալիցիոն հուշագրին` այլ հայտարարություն չեն արել»,- նշեց Շարմազանովը:
Նույն հարցով դիմեցինք նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, որը նշեց. «Ես կարծում եմ, նա սեփական կարծիքն է արտահայտել, առավել ևս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նրա կարծիքին չարձագանքեց, առավել ևս այդ հայտարարությունից առաջ կոալիցիոն նիստ էր տեղի ունեցել և հաղորդում էր հրապարակվել, որ կապված հետագա գործությունների` հիմքը անցյալ տարվա փետրավարի 17-ի հուշագիրն է, պարզապես հիմա իրականացման պահն է եկել, ռազմավարություն են մշակում: Այնպես որ, ցանկացած գործիչ իր տեսակետն է հայտնում»: Մեր դիտարկմանը, որ «ցանկացած կարծիք» ասվածը կոալիցիոն գործընկերոջ` ԲՀԿ-ի նորաթուխ անդամն է անում, իսկ այդ նոր անդամը աննկատ մեկը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի ամենակարկառուն դեմքերից մեկն է: «Գնահատականները ոչ թե մեզանից պետք է լինի, այլ գնահատականների մասին հենց իրենց պետք է հարցնել, կամ այն թիմից, որում նա ընդգրկվել է որպես քաղաքական գործիչ»:
ԲՀԿ-ականները ահուսարսափի մե՞ջ են
Օսկանյանի նշյալ հայտարարության առիթով պարզաբանումներ ստանալու մեր փորձերը Օսկանյանի կուսակից ընկերներից ապարդյուն անցան: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց. «Իրենից հարցրեք: Ես որևէ բան չեմ կարող ասել, կներեք…»:
ԲՀԿ-ական գործարար-պատգամավոր Գոհար Ենոքյանից փորձեցինք ճշտել, թե Օսկանյանը ո՞ւմ տեսակետն է արտահայտել` ի՞ր, թե՞ ԲՀԿ-ի, սակայն նա կտրականապես հրաժարվեց պատասխանել. «Իր կարծիքն է, թող իր կարծիքն այդպես շարունակի…»: Կոալիցիոն հուշագիր շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ, հարցրեցինք Գ. Ենոքյանին, սակայն նա որևէ մեկնաբանություն չցանկացավ անել:
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին նույնպես խնդրեցինք մեկնաբանել, սակայն նա տեղեկացրեց, որ չի տեսել Օսկանյանի հայտարարությունը, իսկ առանց ծանոթանալու չի կարող դիրքորոշում արտահայտել: Մեր դիտարկմանը, որ հաղորդումը տեղադրված է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքում, պատգամավորը խոստացավ ծանոթանալ դրան, որից հետո միայն գնահատական ներկայացնել:
Ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ականների ժլատությունը` որևէ գովեստի խոսք ասել Օսկանյանի հասցեին և պաշտպանել նրա դիրքորոշումը… Մի բան միանշանակ է, ԲՀԿ-ականների պահվածքը էլ ավելի է խորացնում հիմքերը՝ համոզվելու, որ այս կուսակցության քայլերին և այդ կուսակցության մեջ կատարվող գործընթացների տրամաբանությանը ամենաքիչ տիրապետում են բուն կուսակցականները:








































