Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հիմնվելով ընտրությունների նախնական արդյունքների վրա, Իրանի նոր խորհրդարանում (Մեջլիս) գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդները կստանան տեղերի մեծ մասը:
Ներկայումս նոր խորհրդարանի 197 անդամներից 102-ը ներկայացնում են պահպանողական քաղաքական ուղղությունները: Խորհրդարանի ևս վեց անդամներ անկախ պատգամավորներ են:
«Երևում է, որ քաղաքական պատմության մեջ Ահմադինեժադի դարաշրջանն աստիճանաբար մոտենում է ավարտին»,- հայտարարել է իրանցի հայտնի քաղաքագետ Դավուդ Հերմիդաս Բավանդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իրանական ԶԼՄ-ները, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 5.4 հազար թեկնածուներ, սակայն սահմանադրական խորհուրդը հաստատել էր միայն 3.4 հազարի թեկնածությունը, ովքեր պայքարում էին 290 տեղի համար:
Ուրբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններն առաջին մեծ քաղաքական միջոցառումն էր 2009 թ. կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում ընտրվեց Իրանի գործող նախագահ Ահամդինեժադը` ստանալով ձայների 60 տոկոսը: Այդ ժամանակ ընդդիմությունն իշխանություններին մեղադրում էր ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և պահանջում չեղյալ համարել դրանք: Թեհրանում ծագած զանգվածային անկարգությունների հետևանքով մահացել էին ավելի քան 30, վիրավորվել` հարյուրավոր մարդիկ:








































