2012 թ. առաջին 2 ամսվա կտրվածքով բենզինի միջազգային շուկայում ամենամեծ թանկացումը՝ մոտ 20%, եղել է ԱՄՆ-ում: Տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սա ավելի շատ պայմանավորեց սպեկուլյատիվ, քան տնտեսական գործոններով. «ԱՄՆ-ում փորձում են շահարկել Իրանի խնդիրն ու Իրանի հետ հակամարտության համատեքստում բենզին արտադրողները փորձում են սպեկուլյատիվ ձևով գները բարձրացնել: Նաև վերջին ամիսներին ԱՄՆ տնտեսությունում աշխուժացում կա, որի արդյունքում բենզինի պահանջարկն ավելացել է, ինչի հետևանքով գները մի փոքր ավելի շատ են բարձրացել, քան աշխարհում»:
Այլ երկրներում բենզինի գները համեմատաբար կայուն են մնացել, օրինակ՝ ՌԴ-ում թանկացումը 1%-ի շրջանակներում է եղել:
ՀՀ-ում բենզինը հունվարի համեմատ 20 դրամով է թանկացել. «ռեգուլյար» տեսակի 1 լիտրի գինը 440-ից դարձել է 460 դրամ, «սուպեր» տեսակի բենզինը 490-500 դրամից դարձել է 510-520 դրամ: Ըստ տնտեսագետի՝ տարվա սկզբից բենզինի թանկացումը մոտ 4.5% է:
«ՀՀ-ում գների թանկացման մի փոքր մասը պայմանավորված է միջազգային շուկայի թանկացմամբ, նաև հունվարի 1-ից մինչև մարտ դոլարի փոխարժեքն էլ է տատանվել և 386-ից դարձել է 390 դրամ»,- ասաց նա:
Հաշվի առնելով այն, որ ներմուծողները բենզինի ֆյուչերսային պայմանագրերը կնքում են մոտ 6 ամիս առաջ, ներկայիս միջազգային թանկացումները ՀՀ-ում պետք է որ չազդեին բենզինի գների վրա: Ի դեպ, արտերկրյա բորսաներում 2011թ. օգոստոսից բենզինի գների չնչին տատանումներ են եղել՝ 1-1.5%:
Նշենք, որ ՀՀ-ն հիմնականում ներմուծում է ռումինական կամ բուլղարական ծագում ունեցող բենզին:
Կ. Խաչատրյանի կանխատեսմամբ՝ առաջիկա 2 ամսում բենզինի 10-15 դրամի թանկացում հնարավոր է՝ պայմանավորված արաբական աշխարհում, հատկապես Իրանում առկա դրության սրացմամբ: Սակայն եթե իրավիճակը կայուն պահպանվի, ապա վառելիքի թանկացում չպետք է սպասել:










































