Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին պաշտպանելու համար:
Միյատովիչի այս հայտարարությունը հնչել է մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսում ընկած Ղուբայի անկարգություններից հետո, որոնց ժամանակ մի շարք լրագրողներ թունավորվեցին արցունքաբեր գազից, իսկ մեկ լրագրող էլ վիրավորվեց:
Այս կապակցությամբ Միյատովիչը հայտարարել է. «Այդ միջադեպերը ցույց տվեցին, որ լրագրողներին պետք է ավելի լավ պաշտպանել, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները:
Կարգուկանոն հաստատելիս ոստիկանությունը չպետք է հարձակվի լրագրողների վրա, որպեսզի նրանք կարողանան ազատորեն լուսաբանել հանրային իրադարձությունների ընթացքը: ԵԱՀԿ-ի տիրույթում լրագրողների անվտանգությունը եղել և մնում է մեր առաջնահերթություններից մեկը»:









































