Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այսօր կարողացել են մտնել Սիրիայի Հոմս քաղաքի ամենատուժած Բաբ Ամրո թաղամաս, սակայն նրանց առայժմ չի հաջողվում օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Խումբը (Կարմիր խաչի աշխատակիցների.- 1in.am) մտել է Բաբ Ամրո, սակայն (իշխանությունները.- 1in.am) նրանց թույլ չեն տալիս օգնություն ցուցաբերել տուժածներին: Մենք շարունակում ենք բանակցությունները օգնություն ցուցաբերելու մեխանիզմի հարցում»,- հայտարարել է ԿԽՄԿ ներկայացուցիչը Դամասկոսում:
Կարմիր խաչը փետրվարի 26-ին դադարեցրեց մեկ օր առաջ սկսված վիրավորների տարհանումը՝ հակամարտող կողմերից չստանալով որևէ համաձայնություն՝ կապված անվտանգության երաշխիքների հետ: Մարտի 1-ին Սիրիայի իշխանությունները հայտարարեցին, որ կթույլատրեն Կարմիր խաչի աշխատակիցներին մտնել Հոմս և օգնություն ցուցաբերել տուժածներին:








































