BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, հայտնում է, որ երեկ Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ: Սակայն իրանական ընդդիմությունը հերքում է այդ տեղեկատվությունը:
Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընտրություններն ավարտվել են սահմանված ժամկետից (ժամը 18.00) 5 ժամ անց, քանի որ ընտրատեղամասերում գոյացել են ընտրողների մեծ հերթեր:
Սակայն ընդդիմադիր բլոգերներն իրենց բլոգներում գրում են, որ իշխանություններն ակնհայտորեն չափազանցում են դա: Ընտրություններում հիմնական պայքարն ընթացել է պահպանողականների խմբակցության և նախագահական ճամբարի միջև:
Հիշեցնենք, որ իրանական ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները՝ թափանցիկության բացակայության պայմաններում անիմաստ համարելով դրանց մասնակցելը: Խորհդարանական ընտրությունների արդյունքները կարող են հրապարակվել դրանց ավարտից 48-72 ժամ հետո::








































