Համաչինաստանյան հանձնաժողովի ներկայացուցիչ Չժաո Ցիչժենը երեկ հայտարարել է, որ տիբեթյան հոգևորականների ինքնահրկիզման գործողությունները գովասանքի են արժանացել Դալայ Լամայի կողմից:
«Այն բանից առաջ, երբ տեղի ունեցան այս դժբախտ միջադեպերը, ինչ-որ մեկը նախապես հայտնել էր դրանց իրականացման վայրի և ժամի մասին: Ինչ-որ մեկը փորձել էր խոչընդոտել նրանց փրկելու աշխատանքները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ցիչժենը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
«Որքան ինձ հայտնի է, Դալայ Լաման անձամբ հրապարակայնորեն գովել է այն մարդկանց քաջությունը, ովքեր ինքնահրկիզման են դիմել: Ինքնաոչնչացման փորձը անգիտակից քայլ է և անհարգալից դրսևորում կյանքի նկատմամբ»,- ասել է Չինաստանի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Չինաստանի կենտրոնական իշխանության և Տիբեթի հոգևոր ղեկավարության միջև տասնամյակներ շարունակ պահպանվում է լարվածությունը, ինչի հետևանքով պարբերաբար բախումներ են սկսվում Չինաստանի այդ շրջանում:
Դալայ Լաման Չինաստանին մեղադրում է տեղի բնակչության հոգևոր պահանջների իրականացումը խոչընդոտելու մեջ:




































