Կանյե Ուեսթի և Ջեյ-Զիի տեսահոլովակի Maybach ավտոմեքենան մարտի 8-ին կվաճառվի Նյու-Յորքում՝ Phillips de Pury & Company-ի աճուրդի ժամանակ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով աճուրդային տան ռուսական ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Մարիչին:
Երաժիշտները որոշել են ավտոմեքենան նվիրաբերել «Փրկենք երեխաներին» կազմակերպության ֆոնդին: Վաճառքից գոյացած գումարը կօգտագործվի Աֆրիկայի երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
«Ռեփ կատարողները հաճախ են միջոցներ հավաքում: Մենք միջնորդ ենք հանդիսանում բարեգործության համար և մեր հարթակն ենք տալիս, որպեսզի մարդիկ ոչ միայն ձեռք բերեն եզակի լոտ, այլ նաև օգնեն երեխաներին»,- ասել է Մարիչը:
Մոտ կես միլիոն արժողությամբ ավտոմեքենան տեսահոլովակում մի քիչ «ուղղում են» ավտոտնակային գործիքներով, այդ իսկ պատճառով աճուրդում ավտոմեքենան գնահատվում է 100-150 հազար դոլար:
Phillips de Pury աճուրդի տունը հիմնադրվել է 1796 թվականին: Այն կենտրոնացած է ժամանակակից արվեստի, լուսանկարների, ոսկերչական իրերի և դիզայնի օբյեկտների աճուրդի վրա:








































