Կարեն Անդրեասյանը չի պատկերացնում ՄԻՊ ինստիտուտը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` գնահատելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գործունեության մեկ տարին:
Իրավապաշտպանը նշեց, որ այս տարվա ընթացքում ՄԻՊ-ը մասնակցեց բազմաթիվ քննարկումների, հուշագրեր ստորագրվեցին, ԶՈւ դեպքերի վերաբերյալ որոշում կայացվեց, բարձրացվել է մի քանի դատավորների հարց: Բայց Ա. Սաքունցի համոզմամբ` առարկայական արդյունք ՄԻՊ աշխատանքից չենք տեսել:
«Ես ենթադրում եմ, որ ՄԻՊ-ը չի հասկանում կամ չգիտի, թե որն է իր դերը: Ինքը չգիտի, թե ինչ անի և ինչպես աշխատի, ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է աշխատել: Խնդիրն այն չէ, որ նա լավ է կամ վատ: Նա պարզապես չգիտի` ինչպես պետք է իր գործառույթներն իրականացնի: Երեկ ընդունվեց «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, և նա ոչ մի գնահատական չի տվել, կարծիք չի արտահայտել, ԶՈւ դեպքերի վերաբերյալ մի քանի ամիս անց միայն որոշում կայացվեց, որ զբաղվի 7-8 գործերով, բայց մենք արդյունք չենք տեսել, ավելի շատ խոսքեր են եղել»,- մեկնաբանեց Ա. Սաքունցը` հավելելով, որ կոնկրետ գործողություններ, գնահատականներ չեն եղել:
Հիշեցնենք, որ լրանում է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման մեկ տարին:








































