«Վրաստանը չի վերականգնի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, քանի դեռ վերջինս շարունակում է ճանաչել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը»,– հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կապանաձեն՝ Эхо Москвы ռադիոկայանի եթերում:
«Եթե Ռուսաստանը վերանայի 2008 թվականի օգոստոսի 26-ի իր որոշումը` կապված, այսպես կոչված, հանրապետությունների ճանաչման հետ, և սկսի մեր պետության դեօկուպացիան, ապա մենք պատրաստ կլինենք հարաբերությունները վերականգնել»,- ասել է Կապանաձեն:
Ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ փետրվարի 29-ին Վրաստանի կողմից ռուս քաղաքացիների համար մուտքի անցագրային ռեժիմի վերացման մասին հայտարարության հետ կապված՝ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի համար մուտքի անցագրային ռեժիմը վերացնել, եթե Թբիլիսին «ապահովի անվտանգ իրավական պայմաններ, ինչը կերաշխավորի Վրաստան այցելած ռուսների անվտանգությունը»:
Ռուսաստանը նաև առաջարկել էր վերականգնել 2008 թվականի օգոստոսին խզված դիվանագիտական հարաբերությունները:












































