Հունվարին խորտակված իտալական Costa Concordia նավում, ինչպես Costa Crociere ընկերությանը պատկանող մյուս նավերում, ներառյալ նավի անձնակազմը, կանոնավոր կերպով օգտագործել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ: Բացի այդ` նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինիոյի թողտվությամբ, նավի վրա միշտ եղել են մարմնավաճառներ, իսկ տղամարդ սպաները սեքսուալ բռնություններ են գործադրել իրենց կին գործընկերուհիների նկատմամբ: Այս մասին պնդում են նավի անձնակազմի նախկին անդամները:
Տիրենեյան ծովում Costa Concordia-ի խորտակման հարցով դատական առաջին նախնական լսումները տեղի են ունենալու վաղը` մարտի 3-ին, Գրոսետոյում: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը:
Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, երկու կանայք, ովքեր նախկինում եղել են նավի անձնակազմի անդամներ, դատախազությունում հարցաքննության ժամանակ հայտարարել են, թե տեսել են` ինչպես են սպաները կոկաին օգտագործել, խմել են գիտակցությունը կորցնելու աստիճանի և անհանգստացրել կանանց:
Կանանցից մեկը, որի խոսքերը մեջբերում են La Stampa-ն ու Il Messagero-ն հայտարարել է, որ կապիտան Սկետինոն «կանանց օգտագործել է որպես փոխանակման ապրանք»:
Costa Cruises-ի ղեկավարությունը չի մեկնաբանում կանանց հայտարարությունները, սակայն նշել է, որ բոլոր նավերում գործում են խիստ կանոններ ու արգելքներ՝ կապված թմրանյութերի օգտագործման հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներն անդրադարձել էին կապիտանի անձնական կյանքին, որի նավասենյակում բնակվում էր Սկետինոյի 25-ամյա սիրուհին` մոլդավուհի Դոմինիկա Չեմորանը:
Costa Concordia զբոսանավը հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Ջիլո կղզու մոտակայքում հարվածել է ստորջրյա խութերին:
Այդ պահին նավի վրա գտնվել է շուրջ 4200 ուղևոր և նավի անձնակազմը:
Աղետը խլել է 17 մարդու կյանք, ևս 17-ը համարվում են անհետ կորած: Նրանց որոնումները դադարեցվեցին հունվարի 31-ին:
Նավապետը ձերբակալվել էր հենց վթարի օրը, բայց դատարանը նրան ավելի ուշ տնային բանտարկության էր դատապարտել:








































