Դրսից նույնպես օրենսդրական գործունեություն կծավալեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՖՖ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով իր քաղաքական գործունեությանը:
Նա նշեց, որ իր կուսակցությունը կայացրել է որոշում, ըստ որի՝ նա մեծամասնականով է առաջադրվելու, սակայն ընտրատարածքը դեռ որոշված է։ Բանախոսը չի բացառում, որ կառաջադրվի Կենտրոնում կամ Արաբկիրում, կամ Զեյթունում՝ դեռ հստակ չէ:
Անդրադառնալով նախորդ օրերին հնչած այն հայտարարությանը, թե ԱԺ-ն իր տեղը չէ՝ ասաց. «Այսօր գտնում եմ, որ իմ տեղը չէ, բայց ունեմ կուսակցություն, կուսակցության ղեկավար և պետք է կատարեմ կուսակցության յուրաքանչյուր որոշում: Ես ասել եմ, որ եթե կուսակցությունը չառաջադրվելու որոշում կայացնի, չեմ առաջադրվի, եթե մասնակցելու որոշում կայացնի, կմասնակցեմ և Աժ-ում կզբաղվեմ օրենսդիր գործունեությամբ»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանը ամենաշատ բացակայող պատգամավորների ցուցակն է գլխավորում` չհամաձայնեց` ասելով, որ, ամենայն հավանականությամբ, ինքը հնգյակում է:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ինչպես նախկինում, այժմ նույնպես (ընտրվելու դեպքում) կարող է դրսից զբաղվել օրենսդրական գործունեությամբ և լրագրողին առաջարկեց ԱԺ արխիվից ծանոթանալ իր հեղինակած օրինագծին:
Խոսելով Իտալիա-Հայաստան խաղի մասին՝ ՀՖՖ նախագահն ասաց, որ «Հրազդան» մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ուստի առաջիկայում այն պետք է բարեկարգվի: Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ այս տարի կփոխվեն «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը, լույսերը և կվերանորոգվեն հանդերձարանները:










































