Փարիզում ավարտվել է ` «ՖԱԹՀ հեղափոխական
խորհուրդ» ծայրահեղական խմբավորման երեք անդամների հեռակա դատավարությունը։ Նրանք մեղադրվում են 1988 թ. հունական City of Poros ուղևորատար նավի վրա հարձակման մեջ:
Ինչպես տեղեկացնում է Le Monde-ը՝ երեքին ել դատապարտել են 30 տարվա ազատազրկման:
Հարձակումը զբոսաշրջային նավի վրա տեղի է ունեցել 1988 թ. հուլիսի 12-ին Էգեյան ծովում՝ Պիրեյ նավահանգստից ոչ հեռու: Հարձակման ժամանակ նավում եղել է 471 ուղևոր:
Հետաքննության համաձայն՝ հարձակմանը ուղղակի մասնակցություն ունեցել է միայն մեկ ահաբեկիչ: Ըստ 30 վկաների` արաբական արտաքինով մարդը՝ ճանաչված որպես Ադնան Սոջոդ (Adnan Sojod), կրակ է բացել, որից հետո նռնակ և պայթուցիկ սարք է նետել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, որոնցից 3 ֆրանսիացի են։ 80-ից ավելի մարդ տարբեր կարգի վնասվածքներ են ստացել:
Սոջոդի մյուս երկու մեղսակիցներն են Աբդուլ Համիդ Ամուդը (Abdul Hamid Amoud) և Սամիր Խայդիրը (Samir Khaidir): Ինչպես նշում է պարբերականը՝ Խայդիրը հավանաբար եղել է ահաբեկչության կազմակերպիչը: Իսկ թե կոնկրետ որն էր Ամուդի մասնակցությունը ահաբեկչությանը՝ չի պարզաբանվում: Ավելի վաղ ենթադրություն կար, թե նա կարող է լինել մեկ այլ ահաբեկչության կատարող, որը կատարվել էր հենց նույն օրը Պիրեյում: Այդ ժամանակ նավահանգստում մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել էին մեքենայում գտնվող 2 անձինք, ենթադրաբար՝ ահաբեկիչներ:
Ինչպես նշում է Agence France-Presse՝ ազատազրկման ժամկետը, որին դատապարտել են բոլոր երեքին էլ, համարվում է առավելագույնը` կանխամտածված սպանությունների և դրանք իրագործելու համար:
Իսկ այն, թե որտեղ են գտնվում մեղադրյալները, հետաքննությանը հայտնի չէ: Ավելին՝ դատախազությունը չի բացառում, որ նրանցից երեքն էլ արդեն ողջ չեն: Միաժամանակ, ինչպես նշում է AFP, եթե մեղադրյալներից որևէ մեկը ձերբակալվի, ապա այդ գործին նոր ընթացք կտան:
«ՖԱԹՀ հեղափոխական խորհուրդ» խմբավորումը, որին ենթադրաբար պատկանում էին ահաբեկիչները, հիմնադրվել է 1974 թ. պաղեստինցիների, մասնավորապես՝ Աբու Նիդալի (Abu Nidal) կողմից: Նրան են վերագրվում ավելի քան 20 ահաբեկչություններ` կատարված տարբեր երկրներում, որի հետևանքով զոհվել է մոտ 900 մարդ: Իսկ Աբու Նիդալը, ենթադրաբար, մահացել է 2002 թ. Բաղդատում:









































