«Ժառանգություն» կուսակցության համագումարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա վստահություն հայտնեց, որ «Ժառանգության» համագումարը տեղի կունենա աշխատանքային մթնոլորտում:
Վ. Հովհաննիսյանը խոսեց ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև եղած համագործակցության մասին` նկատելով, որ իրենց համագործակցության դեբյուտը եղել է «ՈՉ»-ի շարժումը, երբ ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ևս 12 ուժեր պայքարում էին հայ-թուրքական արձանագրությունների դեմ:
Նա կարևորեց նաև «Ժառանգության» հետ համատեղ իրականացրած երկու քայլերը, մասնավորապես՝ համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի դեմ իրենց կատարած համատեղ քայլը:
Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ «Ժառանգություն»-ը այն ուժն է, որը կարող է արդար ճանապարհով հաղթել։ Ամփոփելով՝ ՀՅԴ գործիչը նշեց, որ իրենք միասին դեռ անելիքներ ունեն:









































