TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ`Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Լոնդոնում ելույթ է ունեցել «Ստեղծել ընդհանուր ապագա. ճանապարհ դեպի հեռատես Եվրոպա» զեկույցով:
Իր ելույթում Բաղըշն անդրադարձել է Կիպրոսի կողմից այս ամառ ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու հարցին՝ ընդգծելով, որ Թուրքիան այդ կես տարում (ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ժամանակ) կանտեսի Կիպրոսին և այդ ժամանակահատվածում չի վարի բանակցություններ.
«Մենք հուսով ենք, որ մինչև հուլիս կստեղծվի միավորված Կիպրոս, և այդ դեպքում մենք հաճույքով կհամագործակցենք նրանց հետ: Սակայն եթե դա տեղի չունենա, ապա մենք կապեր կպահպանենք Եվրահանձաժողովի, Եվրախորհրդարանի ու ԵՄ-ի անդամների հետ, սակայն նույնը չենք անի ԵՄ-ը նախագահողի (Կիպրոս) պարագայում:
Չնայած ԵՄ-ը ներկայումս դժվար ժամանակներ է ապրում տնտեսական և քաղաքական տեսանկյունից՝ նա համարվում է մարդկության պատմության ընթացքում խաղաղության հաստատման խոշորագույն նախագիծ: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Թուրքիան վճռականորեն է տրամադրված ԵՄ-ին անդամակցելու հարցում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի մակարդակով ԵՄ-ին սպառնացել էր մինչև 2012 թվականի հուլիսը կիպրական հարցի չկարգավորման դեպքում սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները:
1999 թվականի դեկտեմբերի 10-ին ԵԽ-ի` Հելսինկիում տեղի ունեցած գագաթնաժողովում Թուրքիային շնորհվեց ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ:
2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները, Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո, ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում:
Ինչ վերաբերում է կիպրական խնդրին, ապա այն շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:







































