Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ եվրոպացիների նոր սերունդն իրեն խաբված է զգում՝ կապված իր ապագայի վերաբերյալ սպասելիքների հետ:
«Եվրամիությունում տնտեսական աճը վերականգնելու միջոցները պետք է ներառեն հստալ սոցիալական փոփոխությունների, ներառյալ՝ զբաղվածության մակարդակը բարձրացնելու ջանքեր»,- ասել է նա ԵՄ առաջին նիստին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրա խոսքերով՝ 25 տարեկանից ցածր եվրոպացիները «աշխարհի ամենակրթված սերունդն են», սակայն այդ մարդիկ այժմ «հեռանկարներ չեն տեսնում և իրենց խաբված են զգում ապագայի հարցում»: «Մենք ընդունել ենք մի լավ տասնամյա ռազմավարութուն՝ «Եվրոպա-2020»-ը, հենց այդ նպատակով, բայց խնդիրն այն է, որ այն իրականացվում է լավագույն դեպքում 50%-ով»,- ավելացրել է Շուլցը:
Եվրոստատի տվյալներով՝ 2012 թ. եվրոգոտուն սպասվում է ռեցեսիա միջինը ՀՆԱ 0.4% նվազման չափով, գործազրկության միջին մակարդակն արդեն բացարձակ ռեկորդ է սահմանել՝ հասնելով 10.7%-ի:
Ինչ վերաբերում է Եվրոպայի նոր սերնդի լավ կրթությանը, ապա, համաձայն Եվրահանձնաժողովի վերջին վերլուծությունների, եվրոպական համալսարաններից դուրս են գալիս հազարավոր հումանիտար բնագավառի մասնագետներ այն դեպքում, երբ եվրոպական տնտեսությունը տեխնիկական մասնագետների պահանջ ունի: Եվրոպայում աշխատող ինժեներների, ծրագրավորողների, քիմիայի և միկրոկենսաբանության բնագավառի հետազոտող փորձագետները հիմնականում ծնունդով Ասիայից և ԱՊՀ երկրներից են:
Մյուս կողմից, այսօր Եվրոպայի երկրներում սոցիալական երաշխիքներն այնպիսի ծանր պարտականություններ են դնում ձեռնարկատերերի վրա իրենց աշխատողների նկատմամբ, որ գործատուին ավելի ձեռնտու է օգտագործել փորձաշրջանների և ժամանակավոր կարճաժամկետ պայմանագրերի մեխանիզմը և երիտասարդ մասնագետներին մշտական աշխատանքի չվերցնել:
Այս բոլոր գործոնները հանգեցրել են այն բանին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ 20-30 տարեկան երիտասարդության կենսամակարդակը շատ ավելի ցածր կլինի՝ համեմատած իրենց ծնողների հետ: Այս նոր իրականության գիտակցումը հոգեբանական ցնցում է ԵՄ քաղաքացիների համար:










































