ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Իրանը սկսել է Հնդկաստանից ներկրվող ապրանքների դիմաց վճարել հնդկական ռուփիով: Վերջին երկու շաբաթներին ակնկալվում էր, որ Իրանը գործի գցի այս մեխանիզմը, ինչը նոր հնարավորություններ է բացում իրանական ու հնդկական ընկերությունների առևտրային գործարքների ժամանակ Իրանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների շրջանցման համար:
Այդ նպատակով իրանական Parsian Bank մասնավոր բանկը հաշվեհամար է բացել հնդկական UCO բանկում և այդ սխեմայով սկսել է իրականացնել վճարումը: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել վերջին երկու օրերին:
Իրանը Հնդկաստանից հիմնականում ներկրում է երկաթ և պողպա, քիմիկատներ, հացահատիկ, արդյունաբերական սարքավորում և դեղորայք:
Նշվում է, որ հնդկական ռուփիով վճարելու այս մեխանիզմը ներկայումս գործում է միայն Հնդկաստանից իրանական ներկրումների հարցում, մինչդեռ Հնդկաստանին իրանական նավթի մատակարարումների վճարման հարցը դեռ բաց է մնում: Կան հարկերի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք են զգում:
2011 թվականի տվյալները վկայում են, որ Հնդկաստանն իրանական նավթի երկրորդ խոշոր գնորդն է՝ Չինաստանից հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իրենք աշխատանքներ են տանում իրանական նավթի գնումը զգալիորեն կրճատելու ուղղությամբ և այդ պլանում դեռ անելիքներ ունեն Չինաստանի, Հնդկաստանի ու Թուրքիայի պարագայում:








































