Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանում մարտի 1-ի գիշերը աղտոտել էին երկու քանդակ և մի նստարան: Քանդակներից մեկի վրա առավոտյան գտել էին մետաղյա ջարդված աթոռ, նստարանն ամբողջությամբ ներկված է եղել փրփուրով, իսկ մյուս քանդակի բերանին քար է դրված եղել: Արձանի մոտ եղել են նաև օղու և կոնյակի դատարկ շշեր:
Դեպքի առթիվ «Առաջին լրատվական»-ը փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ դեպքի առթիվ ոստիկանությունը դիմում չի ստացել: Հնարավոր է` ավելի ուշ որևէ տեղեկություն իմանալ հանցագործների մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին «Առավոտ» օրաթերթը տեղեկացրել էր, Իջևանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 50 մ հեռավորության վրա, աղտոտված էին խորհրդային տարիներին իջևանյան քանդակի սիմպոզիումների ընթացքում կերտված 2 քանդակ, նաև մի նստարան: Նստարանն ապականված էր փչվող փրփուրով, փրփուրով աղտոտված էին նաև 2 քանդակներ:
Քանդակներից մեկի վրա (որի հեղինակն է թուրքմեն քանդակագործ Ջմուդուրդան) դրված էր մետաղյա ջարդված աթոռ: Իսկ արձանի կողքին օղու և կոնյակի դատարկ շշերով ցելոֆանե փաթեթ էր: Քանդակված կնոջ բերանին խոշոր քարակտոր կար դրված: Հավանաբար, այս ամենը ինչ-որ «մեսիջ է»:
Թերթի փոխանցմամբ, դեպքի վայրում են եղել Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ:
Քաղաքային զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանը թերթին ասել է, որ այդ բարբարոսությունն արվել է գիշերով, ու դա կատարվել է «ինադու»:


Լուսանկարները` «Առավոտ» օրաթերթի









































