Մենք տեղեկացրել էինք, որ երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել անդամ երկրների գագաթնաժողով: Քննարկված հարցերի մեջ ներառվել էր նաև ԵՄ անդամ երկու երկրների` Ռումինիայի և Բուլղարիայի անդամակցության հարցը Շենգենյան պայմանագրին: Այս անգամ նույնպես եվրոպական երկրները մերժեցին այդ երկու երկրների մուտքը Շենգեն գոտի: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գագաթնաժողովից հետո Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյն ասել է, որ, չնայած մերժմանը, այս հարցում առաջընթաց նկատվում է` հավելելով, որ երկշաբաթյա դժվար բանակցություններից հետո հնարավոր է դարձել հաստատել «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա իրականություն դարձնել այդ երկու երկրների անդամակցությունը Շենգենյան պայմանագրին:
Հիշեցնենք, որ Ռումինիան չի կարողանում մտնել Շենգեն գոտի, քանի որ Նիդեռլանդներն առաջ են քաշում այդ երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը, իսկ Բուլղարիան չի կարողանում խոչընդոտել Թուրքիայից դեպի Եվրամիություն անօրինական ներգաղթյալների մուտքը:









































