Հաշվի առնելով, որ ՌԴ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն, 2003 թվականից առ այսօր իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ 100% բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը, ամբողջությամբ կատարել է պայմանագրերով իր առջև դրված խնդիրները և դիմել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` վաղաժամկետ լուծել հավատարմագրային կառավարման պայմանագիրը, գործադիրն այսօր նիստում որոշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ՀՀ անունից «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ հետ կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ 100% բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման համաձայնագիր։
Հաշվի առնելով «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը, գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և ծրագրով իրականացվելիք գործառույթները ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի փոխարեն վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին հնարավորություն է տվել քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի և ճամփորդական փաստաթղթի փոխարեն ՀՀ ոստիկանությունից ստանալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև ապրանքների (աշխատանքի, ծառայության) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը հավանություն է տվել «Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին» ՀՀ-ի միանալու նպատակով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին դիմելու առաջարկին, ինչպես նաև 2012 թ. մարտի 26-27-ն ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը Երևանում անցկացնելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել 7 մլն 93 հազար դրամ։
Կառավարության հավանությունն է ստացել ՀՀ և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. փետրվարի 24-ին ստորագրված «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է իրականացնել Մասիս, Էջմիածին և Աշտարակ քաղաքների և հարակից մի շարք բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի առավել կենսական, անհապաղ լուծում պահանջող խնդիրներին ուղղված միջոցառումները։ Ծրագրի ընդհանուր գումարն է 18 մլն ԱՄՆ դոլար։ Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Զարգացման միջազգային ընկերակցության միջև ստորագրված «Զարգացման երրորդ գործառնություն» ֆինանսավորման և վարկային, «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրերին։









































