ՀՀ կառավարությունն այսօր նիստում իր որոշմամբ սահմանել է, որ 2012 թ. պետբյուջեով նախատեսված պատմաճարտարապետական 18 հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և պեղման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարություն տալու։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հուշարձանների վերականգնումն իրականացնող կապալառու կազմակերպությունների մասնագետները քաջածանոթ են աշխատանքի ընթացքում ծագող և մասնագիտական լուծում պահանջող տարաբնույթ խնդիրներին։
Կառավարության հավանությանն է արժանացել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է Երևան քաղաքում կանոնակարգել գովազդային օրենսդրության վերահսկողությունը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել պատասխանատվության ենթարկելու գովազդին վերաբերող ՀՀ օրենսդրության խախտման համար։
Հայաստանի մարզերի վերաբերյալ վերլուծական նյութերի հրապարակման նպատակով գործադիրը տրամադրել է 19 մլն 500 հազար դրամ։






































