ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Սիրիայի իշխանությունների կողմից ընդդիմության ցույցերը ճնշելու գործողությունները և կոչ արել դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կազմակերպության կարծիքով՝ երկրի ղեկավարության կողմից կիրառվող գործողությունները կարող են հավասարվել մարդկության դեմ հանցագործությանը:
Պարսից ծոցի երկրների կողմից մշակված և Արևմուտքի հավանությանն արժանացած բանաձևի ընդունման օգտին քվեարկել են խորհրի 43 անդամ-երկրներից 37-ը: Ռուսաստանը, Չինաստանը և Կուբան դեմ են քվեարկել, ևս երեք երկիր ձեռնպահ են մնացել: Քվեարկությանը Սիրիայի ներկայացուցիչը ներկա չի եղել:
Բանաձևը կոչ է անում Սիրիայի կառավարությանը անմիջապես վերջ տալ մարդու իրավունքների խախտումներին և խաղաղ բնակիչների վրա հարձակումներին, ինչպես նաև թույլատրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ազատ մուտք գործել երկրի տարածք՝ այստեղ տիրող հումանիտար դրությունը գնահատելու համար:
Նշենք, որ սա արդեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի չորրորդ բանաձևն է Սիրիայի դեմ:
Սիրիայում ընդդիմության և իշխանությունների միջև բախումները շարունակվում են 2011թ. մարտից: Այդ ընթացքում ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 7500 մարդ:









































