Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի հարաբերությունների հետընթացը, որը հարուցվել էր ամերիկացի զինծառայողների կողմից Ղուրանն այրելու պատճառով, կարող է հաղթահարվել:
Աֆղանական ուժերի հետ համագործակցությունը, ինչպես հայտարարել է Ալենը, չի ընդհատվի: Բացի այդ` նա ասել է, թե կարող է անզեն մտնել Աֆղանստանի ներքին գործերի նախարարություն, որտեղ փետրվարի 25-ին սպանվել էին ՆԱՏՕ-ի երկու աշխատակից:
Սպանության մեջ մեղադրվում է աֆղանցի մի ոստիկան, որի դեռ մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել:
Ալենի կարծիքը համընկնում է Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռայան Կրոկերի խոսքերի հետ, որը ավելի վաղ BBC-ին հայտնել էր, թե երկու երկրների հարաբերությունները վերջնականապես փչացած չեն:
Հիշեցնենք, որ Ղուրանի վառված օրինակը հայտնաբերվել էր Բաղրամի ավիաբազաներից մեկում: Դրա հետևանքով երկրում սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք խլել էին ավելի քան 30 մարդու կյանք, որոնցից 4-ն ամերիկացի զինծառայողներ էին:
Գեներալի խոսքով` իրեն բնավ չի զարմացրել նման ռեակցիան: «Մենք պետք է հասկանանք իսլամի նշանակությունը այդ մարդկանց համար ու հաշվի առնենք դա»,- հայտարարել է Ալենը:









































