Հույսի ավանի բնակիչները կառավարության շենքի առջև են: Քիչ առաջ նրանք միացան կառավարության շենքի առջև ակցիա անցկացնող քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց բնակիչ Ռուբեն Մկրտչյանը, այս ձմռանը Հույսի ավանի բնակիչների համար անտանելի է եղել: Ըստ նրա՝ ավանի բնակիչները, որոնք հիմնականում բազմազավակ ընտանիքներ են, չեն կարողացել վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իսկ մյուսներըը վախենում են օգտվել դրանցից, որովհետև գումար չունեն վճարելու:
«Բնակարանները նույնիսկ ճիշտ ձևով չեն կառուցված, որպեսզի մարդիկ գազ օգտագործելիս կարողանան կարճ ժամանակում տաքացնել իրենց բնակարանը: Պետք է օրուգիշեր վառեն, որպեսզի փոքր-ինչ տաքացնեն իրենց բնակարանները: Այս պահին Հույսի ավանում տասնյակ ընտանիքներ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով մնացել են առանց գազի, լույսի և այլ ծառայությունների»,- մանրամասնեց Ռուբեն Մկրտչյանը՝ հավելելով, որ այսօր կառավարության շենքի բակում փորձելու է մոտենալ քաղաքապետին և նախարարներին՝ բոլորին «ամոթ» ասելու նպատակով:
Նրա համոզմամբ՝ այլ գնահատական հնարավոր չէ տալ այդ պետական գործիչներին, ովքեր բազմազավակ ընտանիքներին թողնում են բախտի քմահաճույքին: Նա իշխանությունների խորհուրդը կանանց՝ շատ երեխաներ ունենալ, համարեց դատարկ հորդոր:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Հույսի ավանի բնակչուհի, կառավարության շենքի բակ եկած, 12 երեխաների մայր Անգին Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ որպես բազմազավակ մայր՝ պետությունից ոչ մի օգնություն չի ստանում:
«Ես և ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ ենք, ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, երեխաներիցս մեկը նույնպես հաշմանդամ է։ Մենք ամսական ստանում ենք ընդամենը 81 հազար դրամ՝ չկարողանալով լուծել ո՛չ երեխաների ուտելիքի հարցը, ո՛չ ուսման ու կոմունալ ծառայությունների հարցը: Այսօր պետք է անջատեն մեր գազը»,- ասաց Անգին Խաչատրյանը` հավելելով, որ գազի ընդհանուր պարտքը կազմել է 50 հազար դրամ, որից կարողացել է մուծել միայն 10 հազարը:
Նա նաև ասաց, որ շատ բնակիչներ վաճառում են իրենց տան իրերը, որպեսզի կարողանան գոնե կոմունալ վճարումներ կատարել: «Մի՞թե հնարվոր չէ մի բան անել»,-նման հարցադրմամբ կառավարությանը դիմեց 12 երեխաների մայր Անգին Խաչատրյանը:
Նշենք նաև, որ կառավարության շենքի բակում է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը` «Հայրենի՛ք, պաշտպանի՛ր քո պաշտպանին» և այլ պաստառներով: Կառավարության շենքի բակում գտնվող Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը այսօր ևս պնդեց, թե ոստիկանը նախագահական նստավայրի մոտ անցկացված ակցիայի ժամանակ բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Այս պահին ակցիան շարունակվում է:







































