News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորած «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցությունը հերթական քաղաքական հնարք է որակել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմի միակողմանիորեն չեղյալ հայտարարելը:
Կուսակցության գլխավոր քարտուղար Վախթանգ Կոլբայան հայտարարել է, որ վրացական ղեկավարության այդ քայլն անհասկանալի է՝ հատկապես, որ վրացական իշխանությունները բազմիցս են ռուս քաղաքացիներին մեղադրել երկրի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու և անկայունություն առաջացնելու փորձերի մեջ.
«Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստանի հետ գործող անցագրային ռեժիմը խնդիրներ չի ներկայացնում: Խնդիրը այն է, թե նրանց նկատմամբ ինչպիսի դիրքորոշում են որդեգրել երկրի իշխանությունները: Սաակաշվիլիի այդ նախաձեռնությունը համարվում է հերթական քաղաքական հնարքը, որի նպատակը Ռուսաստանին բարեկամության ձեռք պարզելու ցուցադրումն է»:
Հիշեցնենք, որ երեկ Սաակաշվիլին ստորագրել է Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմի դյուրացման մասին հրամանը: Այն արդեն իսկ մտել է ուժի մեջ: Արդեն իսկ Վրաստան են ժամանել առաջին ռուսները, որոնք կարող են Վրաստանում գտնվել մինչև 90 օր:








































