«Լիբիան 100 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն կուղարկի սիրիացի ապստամբներին»,– չորեքշաբթի օրը հայտնել է լիբիական կառավարության մամլո քարտուղար Մուհամմեդ Ալ-Հարիզին:
Նա հավելել է, որ կապված այն դժվարությունների հետ, որոնք խոչընդոտում են մարդասիրական օգնության տեղ հասնելուն, դեռ պարզ չէ՝ ինչ կերպ կուղարկվի ապրանքը։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Վարչապետի գրասենյակը լիբիական մարդասիրական օգնության ծառայության և «Կարմիր մահիկ»–ի ներկայացուցիչների հետ կորոշի այդ մեխանիզմը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարիզին՝ ավելացնելով, որ Լիբիան պետք է «աջակցի սիրիական հեղափոխությանը միջազգային ասպարեզում»:
Լիբիան դարձավ առաջին հանրապետություններից մեկը, որը պաշտպանեց Սիրիայի ընդդիմադիրներին:









































