Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ամեն կերպ խուսափեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի 3 հարցադրումներից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հատկացվող հողերը որպես գերակա շահ ճանաչելու մասին որոշումը, որը թեև չի գործում սակայն դեռ ուժի մեջ է, Թեղուտի դեպքում Օրհուսի համապատասխանության հանձնաժողովը որոշել է, որ կառավարությունը որոշումներն ընդունել է կոնվենցիայի խախտումներով, Երևանի Մաշտոցի պուրակում բուտիկները տեղադրվել են մի շարք օրենքների խախտումով և լայն հասարակությունը պահանջում է, որ ոչ միայն դադարեցված հայտարարվի շինարարությունը, այլև վերացվեն այդ կառույցները:
Ա. Հարությունյանն առաջարկեց պատգամավորին ծանոթանալ իրենց աշխատանքներին: Քաջարանի դեպքում խնդիրը քննարկման փուլում է, վերջնական որոշում չի կայացվել: Թեղուտի վերաբերյալ նախարարը վստահեցրեց, թե գործունեությունը ծավալում են կոնվենցիաներով նախատեսված իրավունքների և պարտականությունների շրջանակներում:
Զ. Փոստանջյանի հարցադրմանը՝ թե արդյոք նախարարը ծանոթ է, որ Մաշտոցի պուրակում շինարարությունն ընթանում է քաղաքաշինական գործող չափանիշների խախտումով՝ ծառերը գերեվարված են բետոնով, Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ նախկինում աշխատել է որպես քաղաքաշինական նախարար. «Պատրաստ եմ ցանկացած ձևով Ձեզ հետ խոսել, բացատրել և՛ նորմատիվներից, և՛ ՍՆԻՊ-ներից, և՛ սեյսմիկ ՍՆԻՊ-ներից, և՛ սեյսմոշրջանցման քարտեզներից, և՛ ժամանակավոր տաղավարների մասին կարգերից, բավականին կարող եմ Ձեզ հետ այս մասով ասել: Կոնկրետ Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ այո, տիրապետում եմ, և ոչ վատ քան դուք»:







































