Երեկ WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան Stratfor հետախուզական վերլուծական ընկերության գործակալների նամակագրության՝ Ուկրաինային վերաբերող առաջին նյութերը:
Ինչպես գրում է ուկրաինական Сегодня պարբերականը, Եվրասիայի հարցերով վերլուծաբան Լորեն Գուդրիչի նամակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո փորձում է վերականգնել վերահսկողությունը Յանուկովիչի վրա:
«Պուտինը միշտ ցանկացել է հակակշիռ ունենալ Յանուկովիչին: Նա ցանկանում էր, որպեսզի դա լինի Տիմոշենկոն՝ ոչ թե որովհետև նա ռուսամետ էր, այլ որովհետև բոլոր թոփ քաղաքական գործիչներից նրան ավելի հեշտ էր գնել: Իհարկե, հենց դա էլ եղել է նրա խնդիրների աղբյուրը և ձերբակալության պատճառը»,- ասել է նա:
Պարբերականը գրում է, որ Տիմոշենկոն դուր չէր գալիս Մեդվեդևին, քանի որ չէր հարգում նրան և միշտ անմիջապես կապ էր հաստատում Պուտինի հետ՝ շրջանցելով Մեդվեդևին:
Stratfor ընկերության վերլուծաբանները հերքում են այս տեղեկությունը:
«WikiLeaks-ի գործողություններն անօրինական են: Հրապարակված նամակագրության որոշ հատվածները կարող են կեղծված լինել և աղավաղված՝ ոչ հստակ լինելու պատճառով»,- ասել են նրանք:
Հիշեցնենք. շաբաթվա սկզբին WikiLeaks-ը սկսեց հրապարակել ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor ընկերության փաստաթղթերը:









































