ԱՄՆ իշխանությունները ափսոսանք են հայտնել Բելառուսի իշխանությունների այն որոշման կապակցությամբ, որով ետ են կանչվել այդ երկրի դեսպանները Եվրամիությունում և Լեհաստանում, իսկ Մինսկում ԵՄ ներկայացուցչությունից և Լեհաստանի դեսպանից պահանջել են լքել երկիրը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«ԱՄՆ-ը խորը ափսոսանքով ընդունեց Բելառուսի կառավարության որոշումը, որով Բելառուսում ԵՄ ներկայացուցչությունից և Լեհաստանի դեսպանից պահանջվել է լքել երկիրը` միաժամանակ ետ կանչելով Բրյուսելից և Վարշավայից այդ երկրի դեսպաններին: Այս գործողությունները, ինչպես նաև 2008թ.-ին Բելառուսից ԱՄՆ դեսպանի արտաքսումը և ԵԱՀԿ ներկայացուցչության փակումը միայն վատթարացնում են Բելառուսի մեկուսացման վիճակը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Հիշեցնենք նաև, որ բելառուսական իշխանությունների այս որոշումից հետո այդ երկրից ետ են կանչվել ԵՄ շատ դեսպաններ` խորհրդակցություններ անցկացնելու համար:







































