Այսօր ԱԺ շենքի առջև ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցությունները կազմակերպել են ակցիա՝ պահանջելով ընտրություններն անցկացնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Կուսակցությունների պատգամավորները և ղեկավարները միացել են պահանջին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ակցիային ներկա «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մեծամասնական ընտրակարգի առաքելություն չունենք: «Մենք դեմ ենք Հայաստանում ֆեոդալական կարգերին: Մեծամասնական կոչված այդ ընտրակարգը ծառայում է մեր քաղաքացու օտարվածությանը սեփական պետությունից: Մենք ցանկանում ենք հաղթահարել այդ խոչընդոտը: Միգուցե մի քանի տասնամյակ անց վերանայենք մեծամասնականի հարցը, բայց ներկա պահին այդ ընտրակարգը կխլի շարքային քաղաքացու ընտրելու և ընտրություններին մասնակցելու իրավունքը»,- նշեց Ր. Հովհաննիսյանը՝ սին համարելով մեծամասնականի վերաբերյալ բոլոր հակափաստարկները:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույնպես հայտնեց իր մտահոգությունները մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ:
Այս պահին ընդդիմադիր կուսակցությունների անդամները, երիտասարդ ներկայացուցիչները՝ թմբուկներով և պաստառներով, շարունակում են բարձրաձայնել, որ դեմ են մեծամասնական ընտրակարգին և կողմ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Հիշեցնենք, որ քիչ անց Ազգային ժողովում քննարկվելու է հենց այս հարցը:







































